ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ եւ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Ամբողջ մարդկության մտքից թև առավ,
Երբ խաղաղության աղավնին թռավ,
Խավարին ճնշող վառ արև դառավ,
Շողաց լույսերով, խրախույսներով,
Անզոր անճարին լցրեց հույսերով։

Այս կոչն է հատուկ ազգերին համայն,
Ողջ աշխարհով մեկ տվին սիրտ ու ձայն,
Էս երկրի վրա ընդարձակ ու լայն
Թող ծաղկի բարով հաշտության սիրով,
Թող ապրեն մարդիկ խաղաղ, անխռով։

Կռվում քանդվողը մեռնողի տունն է,
Կյանքից էլ թանկը խաղաղությունն է,
Այս կոչը կայուն աշխարհի սյունն է,
Երգի՛ր անսասան, Հավասի՛ գուսան,
Թող հնչի սերը սուրբ խաղաղության։

———————————
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ
Երիտասարդ տեսքիդ ու դեմքիդ մատաղ
Ո՛վ իմ սովետական, սիրուն Հայաստան,
Էս չորս տասնյակ տարի ապրելով խաղաղ,
Դառել ես աննման, սիրուն Հայաստան,
Օրեցօր բարձրացող հասակիդ ղուրբան։

Գովական ես, որպես իմը չեմ գովե,
Դաշտերդ առատ բերքով լցվել է, ծով է,
Քո կենսատու ջուրն էլ որքան համով է,
Անուշ, անմահական, սիրուն Հայաստան,
Օրեցօր բարձրացող հասակիդ ղուրբան։

Ջրմուղներ ու գետեր, մեր ժամանակի,
Նոր – նոր գործարաններ ամեն տեսակի,
Քո պատկերն օրեցօր կբացվի, կծաղկի,
Բույրով եդեմական, սիրուն Հայաստան,
Օրեցօր բարձրացող հասակիդ ղուրբան։

Հավասու կյանք ու հույս, Երևան քաղաք,
Բայց քեզ ինչպե՞ս գովեմ, հայ ազգի հոգյակ,
Համայն աստղերի մեջ մի հատ ես, լուսնյակ,
Պանծալի Երևան, սիրուն Հայաստան,
Օրեցօր բարձրացող հասակիդ ղուրբան։

Comments

comments