03 Sep

Ընկեր Խաչիկը – «ԴՐՕՇԱԿ»

Մարտունաշէնում եւ շրջակայ գիւղերում այդպէս էին նրան դիմում: Սիրելի ուսուցչին ընկերո՛վ էին դիմում ոչ -միայն աշակերտները, այլեւ բովանդակ հանրութիւնը՝ Ընկեր Խաչիկ:

Խաչատուր Դաւթեանը տակաւին պատանի հասակից մասնակցել է երկրորդ աշխարամարտին եւ տուն վերադարձել կուրծքը զարդարած՝ բազմաթիւ չքանշաններով ու մեդալներով: Մասնագիտական կրթութիւնը  ստանալուց յետոյ ցմահ աշխատել է գիւղի դպրոցում: Զուգահեռաբար եղել է մի քանի գիւղերից կազմուած հաւաքական ագարակի (սովխոզ) նախագահ: Այդ աշխատանքին մէջ էլ նա բարի անուն էր վայելում:

Ինչպէս օտար բռնատիրութեան տակ ապրող բոլոր ազատասէր հայերը, երազում էր իր Հայրենիքի անկախ պետականութիւնը եւ այր ոգով էր դաստիարակում աշակերտներին՝ ուսոցանելով ռազմագիտութիւն. նրանց պարբերաբար ուխտագնացութեան էր տանում սրբավայրերը, սէր էր սերմանում ազգային արժէքների նկատմամբ:

Երբ «Արաբօ» ջոկատը տեղաւորուեց Մարտունաշէնում, ազատամարտիկները շուտով մտերմացան Ընկեր Խաչիկի հետ: Այս բնակավայրում չէր զգացւում ազատամարտիկների եւ տեղի բնակչութեան միմեանց չհասկանալու բարդոյթը, եւ պատահական չէր Մարտունաշէնի նշանաւոր ճակատամարտը: Բայց դա յետոյ եղաւ, եւ այդ օրուան պէտք է հասնէին տեւական պայքարով:  Խաչատուր Դաւթեանը մաս էր կազմում «Արաբօ» ջոկատի խորհրդի եւ մշտապէս աջակից էր բազմաբնոյթ հարցերի լուծմանը: Մանուէլի, Դէդի (Սինոն Աչիգէօզեան), Արջ Էրօյի եւ մնացեալ քաջամարտիկների հետ կազմակերպում էր գիւղի ինքնապաշտպանութիւնը: Մարտունաշէնում հանրային մթնոլորտ այնպիսին էր, որ ջոկատի տղաներն զգում էին իրենց ինչպէս տանը: Ընկեր Խաչիկի կարծիքի հետ հաշուի էին նստում նաեւ ռուս սպաները, որոնց յայտնի էր նրա փառաւոր անցեալը:

Ուսուցչին եւ նախագահին լաւ էին ճանաչում նաեւ թուրքերը, գիտէին, թէ ինչ արժէք է Հայերի համար եւ փորձեցին օգտագործել պահը. չարաբաստիկ առիթը ներկայացաւ: Ճակատագրական պահ էր: 91-ի Ապրիլ 30-ին խորհրդային ծանր ռազմատէխնիկան, «Օղակ» ծրագրի համաձայն, անակնկալ թափանցեց գիւղ, եւ ծայրամասի տներում թուրքերն սկսեցին խուզարկութիւնը: Ապա՝ զէնքի տակ առած՝ Խաչատուրին ստիպեցին գնալ դէպի գիւղի կենտրոն, որպէս իրենց պաշտպանող զրահ: Թուրքերն ի միտ էին առել այն հանգամանքը, որ Հայերը չեն կրակի յարգարժան մարդու վրայ: Հայ ազատամարտիկները դիրքաւիրուել էին գլխաւոր փողոցի եզրերին եւ այգիներում: Թուրքերի սադրիչ դիտաւորութիւնն աւելի քան պարզ էր: Մարտը չընդունելը հաւասարազօր էր գիւղի բնակչութեան եւ ջոկատի ինքաոչնչացման: Դա գիտէին բոլորը, եւ Ընկեր Խաչիկը յորդորական հրամայական՝ «Կրակեցէ՛ք» բազականչութեամբ վճռեց Հայ-Թուրք բախման ելքը: Հայոց կողմից բռնկուած կրակը հնձեց թուրքերի ամբողջ առաջապահը:

Թուրքերի հետ միասին ընկաւ նաեւ Ընկեր Խաչիկը: Որդին՝ Կարէնը, համոզուած է, որ հայրն սպանուել է թուրքի գնդակներից, որոնք խոցել են նրան թիկունքից:

Խաչիկին յուղարկաւորեցին Մարտունաշէնում: Յոյս կար, որ այն մէզ է մնալու:

Տայ աստուած, որ մի օր էլ իր զաւակների հետ միասին ուտի գնանք Ընկեր Խաչիկի գերեզմանին:

«ԴՐՕՇԱԿ», Թիւ 5, Մայիս, 2000

Comments

comments