Հատուած Սիմոն Վրացեանի գրութիւնից, որ իրականում զեկուցում է՝ ներկայացուած ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին: Այս գրութիւնը տեղ է գտել ՀՅԴ Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի առաջին համարում՝ Ա տարի, թիւ 1, Նոյեմբեր, 1922 թ., էջ 43-54:

Ներկայացւում է Սիմոն Վրացեանի գրութեան մի փոքր հատուածը:

—-

Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովի մասին [տեղի է ունեցել 1919-ի աշնանը, Երևանում] դուք տեղեկութիւն ունէք հրատարակուած որոշումներից և ձեր պատգամաւորների զեկուցումներից:Ես դրա վրայ երկար կանգ չեմ առնի: Բայց աւելորդ չեմ համարում այստեղ շօշափել մի քանի խնդիրներ, որոնք ծանրակշիռ նշանակութիւն ունեցան մեր ապագայ գործունէութեան համար:

Այդ խնդիրներն են.

Ընդհանուր ժողովի մտայնութիւնը կոալիցիայի մասին,Արգելքը Բիւրոյի անդամներին կառավարութեան մէջ մտնելու,Մեծ Հայաստանի պահանջը՝ ծովից ծով,Զինուորական նախարարի պաշտօնը անպատճառ Դաշնակցականի յանձնելու պահանջը,Ղարաբաղի մասին եղած որոշումը ևայլն: Այն էլ պէտք է ասել, որ թէ ներքին և թէ մանաւանդ արտաքին քաղաքական հարցերում, Ընդհանուր ժողովը ցոյց տուեց ծայրայեղ մաքսիմալիստական ձգտումներ, որոնք չէին համապատասխանում ոչ մեր երկրի առարկայական պայմաններին, ոչ էլ մեր ժողովրդի կարողութեանը:

Այս մաքսիմալիզմը, որի առանձնապէս անզիջող ներկայացուցիչներ էին գաղութներից եկած ընկերները, գլխաւոր պատճառը եղաւ Հայաստանի գլխին եկած հետագայ աղէտների:

Ընդհանուր ժողովը չափից աւելի գերագնահատեց հայ ժողովրդին և ՀՅԴ-ի ուժերը, անտեղեակ կամ արհամարհող գտնուեց դէպի Հայաստանի շուրջը գտնուող ուժերը և չկարողացաւ բաւականաչափ գնահատել ո՛չ միջազգային կացութիւնը, ո՛չ էլ հայ հասարակական ուժերի փոխյարաբերութիւնները…

… Թէ մեր հարևանների և թէ, մասնաւորապէս, Թուրքիայի հետ բարեկամական յարաբերութիւններ հաստատելու պահանջի խնդրում ճակատագրական նշանակութիւն ունեցաւ Ընդհանուր ժողովի որոշումը ծովից-ծով Հայաստանի և Ղարաբաղի մասին:

Այսօր, կարծես, այլևս բոլորի կողմից ընդունուած փաստ է, որ ծովից ծով Հայաստանի պահանջը առնուազն տղայամտութիւն էր: Նա ո՛չ միայն հնարաւոր չէր միջազգային քաղաքական պատճառներով, այլև հայ ազգի ենթակայական պայմաններով: Անգամ, եթէ կարելի էլ լինէր այդ սահմաններով Հայաստան ստանալ, մենք ի վիճակի չէինք լինի այն կազմակերպել և կառավարել: Այդպիսի պետութեան մէջ հայերը պիտի լինէին փոքրամասնութիւն և կուլ գնային մահմեդական մեծամասնութեանը:

Իններորդ ընդհանուր ժողովում այս նախազգուշացումները նկատի չառնուեցին: Այնտեղ իշխողը, եթէ կարելի է այսպես ասել, հայկական իմպերիալիզմն էր՝ դարձեալ գաղութներից եկող ընկերների ճնշման տակ:

Նրանք ծանօթ չէին ո՛չ հայ ժողովրդի իրական ուժերին, ո՛չ էլ պետութիւն ստեղծելու դժուարութիւններին, և սաւառնելով քաղաքական ռոմանտիզմի բնագաւառներում՝ փաստաբանում էին Կիլիկեան Հայաստանը կցելու անհրաժեշտութիւնը:Այս տրամադրութիւնը հանդիսացաւ յաղթող և մեծապէս դժուարացրեց հայ դիւանագիտութեան գործունէութիւնը:

Նոյնը և Ղարաբաղի խնդրում:Ընդհանուր ժողովը խիստ կտրուկ հրահանգ տուեց ապահովելու Ղարաբաղի միացումը Հայաստանին: Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական յարաբերութիւններ հաստատելու կարիքն այնքան կարևոր էր Հայաստանի համար, որ աւելի իմաստուն կը լինէր, որ այս հարցում որոշ չափով լինէինք վերապահ, մանաւանդ, որ չէր կարելի չհամաձայնուել այն մտքին, որ Ղարաբաղը Ադրբէջանի համար աւելի ևս կենսական տնտեսական նշանակութիւն ունի, քան Հայաստանի, և դժուար թէ Ադրբէջանը այս հարցում տեղի տար՝ առանց արտաքին սաստիկ ճնշման:

Ղարաբաղը եղաւ կռուախնձոր Հայաստանի և Ադրբէջանի միջև:Բիւրօն, համաձայն Ընդհանուր ժողովի որոշման, Ղարաբաղ ուղարկեց գործիչներ՝ կազմակերպական աշխատանքներ կատարելու համար: Ադրբէջանցիք իրենց հերթին ուղղարկեցին զինուորական ուժեր:

1921 թ. [պէտք է լինի 1920] գարնանը առաջ եկաւ Ղարաբաղի ապստամբութիւնը, որին յաջորդեց փաստական պատերազմը ադրբէջանեան զօրքերի հետ, որովհետև Զանգեզուրում գտնուող Հայաստանի զօրամասը, ընկեր Դրոյի հրամանատարութեամբ, վերահասու լինելով հայ-ադրբէջանեան ընդհարումներին՝ մտաւ Ղարաբաղ և մասնակցեց կռիւներին: Ադրբէջանի կառավարութիւնը Ղարաբաղի դէմ ուղղեց համարեայ իր ամբողջ բանակը, որից օգտուեցին բոլշևիկները և ապրիլ 28-ին մտան Բաքու:

(C)

Comments

comments

  • http://83.169.36.75:8000/autodj